21 մարտի 2009 - 11:57 AMT
Իսրայելի նախագահն առաջարկել է իրանցիներին «իրենց արժանի տեղը զբաղեցնել լուսավորված ազգերի շարքում»
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդես է եկել հատուկ ուղերձով, հասցեագրված Իրանի ժողովրդին: Նա շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ եւ ցանկացել նրանց «իրենց արժանի տեղը գրավել լուսավորված ազգերի շարքում»: Այդ շնորհավորանքը հաղորդել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը, որը հաղորդումներ է տալիս ֆարսի լեզվով:
«Ես մեծ բավականությամբ եմ փոխանցում ձեզ այս բարեմաղթանքը ձեր տոնի ժամանակ, վերածնության այս օրը, որը երջանկություն ու հույս է ներշնչում լավագույն օրերի եւ բարեբեր տարվա համար»,-այսպես է սկսել իր ուղերձը Պերեսը:
Նախագահը ափսոսանքով է նշել, որ հարաբերություններն Իսրայելի ու Իրանի միջեւ լավագույն օրերը չեն ապրում, եւ դա տեղի է ունենում Իրանի առաջնորդների պատճառով, որոնք պայքարում են Իսրայելի ու հրեա ժողովրդի դեմ: Սակայն Պերեսը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ երկու ժողովրդները կվերականգնեն իրենց բարիդրացիական հարաբերությունները եւ արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: