Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում։ Ոստիկանները բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներին։
Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ են հավաքվել: Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, իրենք փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։ Հավաքվածներն ամոթանք են տվել ոստիկաններին ու վանկարկել` «ենիչեր, թուրք», տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ազնավուրի հրապարակում քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկել էր կեսօրից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կլինի «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։
Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։