Հայաստանը կարող է ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել ։ Այդ մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանում Covid-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sputnik Արմենիան։
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար»,- ասել է փոխվարչապետը:
Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում: