21 սեպտեմբերի 2021 - 14:39 AMT
Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ ղեկավարությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ անկախության 30-ամյակի առիթով։

Ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն Եվրազէս-ի, ՀԱԿՊ-ի և ԱՊՀ շրջանակում։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: