21 սեպտեմբերի 2021 - 17:41 AMT
Իրանի նախագահ․ Նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձներում նշել է, որ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:

Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել են իրենց որակը, տեղեկացնում է Արմենպրեսը իրանական IRNA լրատվական գործակալության վրա հղումով:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: