21 մարտի 2009 - 18:09 AMT
Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները
Հայ բռնցքամարտիկ, ամենաթեթեւ քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով կին պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Killer Queen) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները ամերիկուհի Ելենա «Տիկնիկ» Ռիդի դեմ 10-ռաունդանոց մենամարտում: Ռիդը հայտնի է կանացի բռնցքամարտի լեգենդ Ռեգինա Հալմիհի դեմ իր երկու համառ մենամարտերով, իսկ վերջինս իր հերթին մեկնաբանում էր Սյուզիի ու Ռիդի մենամարտը: Այն կայացավ «ProSieben Fight Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում` Սյուզի «Թագուհի-մարդասպան» Կենտիկյանի հայրենի քաղաքում` Համբուրգում:

Կենտիկյանը բոլոր առումներով գերազանցեց իր հակառակորդին: Բոլոր ռաունդների ընթացքում նա իրավիճակը հսկողության տակ էր պահում` թույլ չտալով ամերիկուհուն իրեն որեւէ կերպ դրսեւորել: Կենտիկյանն ընթացքում մի շարք ջախջախիչ հարվածներ հասցրեց, որոնց մեծ մասը Ելենա Ռիդին գլխին կատարվեցին, ինչը զգալիորեն թուլացրեց ամերիկուհուն: Մենամարտը կարող էր ավարտվել նաեւ նոկաուտով, բայց Ռիդը բացառիկ դիմացկունություն ցուցաբերեց եւ մինչեւ վերջ կարողացավ դիմագրավել: 100:91 եւ կրկնակի 100:90 հաշվով հաղթանակը մրցավարները միաձայն տվեցին Սյուզի «Թագուհի-մարդասպան» Կենտիկյանին, որի համար այդ հաղթանակը դարձավ 24-րդը:

Մենամարտից հետո Կենտիկյանը հայտնեց, որ այդ մենամարտն ամենածանրն էր իր կարիերայում: Այնուամենայնիվ, Կենտիկյանն իր հաղթանակով ապացուցեց, որ արժանի է աշխարհի ռեկորդակիր չեմպիոն Ռեգինա Հալմիհի ժառանգորդուհու կոչմանը: Բայց, ինչպես ասում է ինքը Կենտիկյանը, «Ռեգինան Ռեգինան է, իսկ Սյուզին` Սյուզին»: