22 սեպտեմբերի 2021 - 18:00 AMT
ՀՀ տարածքում ՀԱՊԿ վարժանք կանցկացվի

Սեպտեմբերի 24-28-ը ՀՀ տարածքում ՀԱՊԿ ԱԱՀՈւ (Արագ արձագանքման հավաքական ուժերի) անդամ երկրների ներքին գործերի և հատուկ ծառայությունների թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ծառայությունների հատուկ ստորաբաժանումների «Որոտ-2021» հատուկ վարժանք կանցկացվի։

Առաջին փուլում ՀԱՊԿ անդամ պետությունների և ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Օպերատիվ կազմի հետ անցկացվելու է նաև հրամանատարա-շտաբային վարժանք՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով, ասվում է կազմակերպության կայքում։

Ուսումնական խնդիրների կատարման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և ՀՀ սահմանապահ զորքերի հետ համատեղ կաշխատեն փոխգործակցության հմտությունների մշակման վրա, մարտականին առավելագույնս մոտ պայմաններում հատուկ գործողությանը մասնակցելու փորձ և հմտություններ ձեռք կբերեն։

Երկրորդ փուլում մարտական զենքից տակտիկական հրաձգության վարժանքներ կանցկացվեն, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ կանցկացվեն։