22 սեպտեմբերի 2021 - 17:25 AMT
Ղազինյանը 4-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հերթական՝ 4-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Իշխող մեծամասնությունն արդեն արդեն 3 անգամ մերժել էր Ղազինյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ կրկին նրան էր առաջադրել այդ պաշտոնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը, ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը։ Նրանք դուրս էին եկել՝ քննարկումն անիմաստ համարելով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ընդդիմությունը կարող էր ոչ թե անընդհատ նույն թեկնածուին ներկայացնել, այլ թեկնածուի փոփոխության հարց քննարկեր։ Ղազինյանն իր հերթին ասել է, որ իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը։

Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։