22 սեպտեմբերի 2021 - 18:19 AMT
ԻՀ դեսպանը մտահոգված է Իրանը ՀՀ-ին կապող ճանապարհի շուրջ խնդիրներով

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մտահոգությունն է հայտնել ԻԻՀ-ն ՀՀ-ին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ ԱԽ քարտուղար Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելն իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Նախորդ կիրակի էլ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը փոխանցել էր, թե իսլամական հանրապետությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:

2021-ի սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը փոխանցել էր, թե իսլամական հանրապետությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ հարցը լուծելու համար: