23 սեպտեմբերի 2021 - 10:41 AMT
Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորելու գրառման փաստով քրգործ կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նրան ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին։

Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։

Իրավապահները միջոցառումներ էին իրականացնում՝ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող մեկնաբանություն թողած Հրանտ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման: