23 սեպտեմբերի 2021 - 12:46 AMT
Սյունիքի մարզպետի հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետախուզման մեջ գտնվող որդին՝ Կարեն Պողոսյանը, սեպտեմբերի 22-ին ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն:

Նա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրգործի շրջանակում երկու անձ տուժող է ճանաչվել։

Հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Պողոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում, ինչից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։