23 սեպտեմբերի 2021 - 15:23 AMT
Խաղողագործները բողոքի են դուրս եկել կառավարության շենքի դիմաց

Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք ասում են, որ 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենալու։

«2018-ին Նիկոլ Փաշինյանն եկավ Արմավիրի մարզ ու խոստացավ, որ այսուհետ խաղողագործը ոչ մի խնդիր չի ունենալու։ Կարծես թե, ամեն ինչ նորմալ էր այս տարի, ոչ մի խնդիր չկար՝ չնայած մթերման համար ցածր գին էին սահմանել», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե խաղողը մնացել է, մթերող չկա, գրում է Aysor.am-ը։

Գյուղացիներն ասում են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։

«Էդ հարցը պետք ա կառավարությունը պարզի, ինքն է մեղավոր, որ չի կարողանում ընդհանուր հայտարարի գա։ Բա էսօր խոշորագույն խաղացողը դուրս է գալիս մթերման դաշտից, բա չասե՞ս՝ 30,000 տոննա բացը որտեղ տեղավորեմ։ Արմավիրում 30,000 տոննա խաղող է մնացել, փոքր գործարաններ են մթերում՝ ինքնարժեքից էլ ցածր գնով։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը», - ասել է խաղողագործը։

Մեկ այլ խաղողագործ էլ նշել է․ «Ավագ Հարությունյանը («Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը- Aysor.am) կառավարությանը շատ խիստ մոտ կանգնած մարդ է, հաջողությամբ էն դաշտից թռավ էս դաշտ, ասում է, թե գինու արտահանման ծավալներն ավելացել են 40-50 տոկոս, կոնյակինը՝ 15-20 տոկոս, օղու արտադրման և արտահանման ծավալները՝ 250 տոկոս։ Աբսուրդ է, արտահանման ծավալներն այսքան ավելացել են, սպառում չկա։ Էս մարդիկ չեն ուզում բացահայտ, տղամարդավարի ասեն՝ մենք անզոր ենք էդ հարցերը լուծելու կամ անզոր ենք սպիրտի դեմն առնելու։ Հայկական կոնյակն իր վարկանիշն օր օրի գցում է միջազգային շուկայում»։

Ավելի վաղ Արարատի մարզի խաղողագործներն փակել են մայրաքաղաք տանող մայրուղին։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը կառավարության նիստում զեկուցել էր, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Փոխվարչապետ Պապիկյանը կարևորել է պատկան գերատեսչությունների ամենօրյա աշխատանքը՝ մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու ուղղությամբ: