24 սեպտեմբերի 2021 - 11:42 AMT
ԱԺ-ում արտահերթ է. Ընդդիմադիրները լքել են դահլիճը

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու դրան։ Խմբացությունների անդամները հեռացել են դահլիճից։

ԱԺ արտահերթի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Ընդդիամդիր պատգամավորները հայտարարել են, որ օրակարգում ընդգրկված հարցերը համահունչ չեն երկրում ստեղծված իրավիճակին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ այսօր օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և ՍԴ որոշման պահանջներին։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասել է, որ օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցի ընտրությունը խիստ քաղաքական է և անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակ ունի։

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը: Գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը: