24 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT
Եկամտահարկը կվերադարձվի 3 օրում. Գործընթացը կթվայնացվի

Եկամտահարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի ու կպարզեցվի: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։

Արդյունքում եկամտահարկը 15 աշխատանքային օրվա փոխարեն կվերադարձվի 3 օրում։ Ներկայացնելով նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ գործող համակարգը փոխվում է։

Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի համար դիմելիս հարկ կլինի ներկայացնել նույն փաստաթղթերը, ինչ նախկինում ՝ վարկային պայմանագիրը, բանկի փաստաթղթերը, կառուցապատողի տեղեկանքը և այլ փաստաթղթեր, այնուհետև ամեն եռամսյակ ներկայացնում է եկամտահարկի վերադարձի դիմում:

«Մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է լոգին և գաղտնաբառ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 օրվա ընթացքում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-ասել է Բադասյանը:

Նախատեսվում է, որ համակարգը կներդրվի 2022-ի հունվարի 1-ից: