24 սեպտեմբերի 2021 - 16:08 AMT
Դումանյանը հորդորել է «պարգևավճարը» կոչել «լրավճար» և չզարմանալ այն ստանալու փաստից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանն ասել է, որ նախարարությունը մինչև սեպտեմբերի 21-ը և դրանից հետո նույն ռեժիմի մեջ է եղել՝ պարգևավճարների առումով, որևիցե նորույթ չկա: Նա հաստատել է, որ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ պարգևավճար ստացել է, տեղեկացնում է Factor.am-ը։

Նախարարը, սակայն, խնդրել է, դա կոչել ոչ թե «պարգևավճար», այլ «հավելավճար» կամ «լրավճար»։ Նա նաև կոչ է արել լրագրողներին այդ փաստից չզարմանալ։

«Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը ծագում և մայր է մտնում։ Այս հարցը խնդրում եմ մի շահարկեք, մի զարմացեք հավելավճար ստանալու թեմայով»,-ասել է նա։

Իսկ թե որքան են պարգևատրվել մանկավարժներն ու դասախոսները Անկախության 30-ամյակի առթիվ, Դումանյանը տեղյակ չէ։

«Միգուցե ինչ-որ մի բուհ իր դասախոսներին հավելավճարներ է տվել։ Շատ հաճելի կլինի, որ այնքան հավելավճար, լրավճար տան, որ բոլորը բավարարվածության զգացում ունենան։ Բուհերը ինքնավար կառույցներ են։ Եթե ունեն բավարար դրամական միջոցներ և որոշում են նման քայլ անել, միայն կարելի է ողջունել»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ պատմություն դասավանդող Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատգամավորների պագևավճարներին, նշել է, որ ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել։

ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն վերցնելու պարգևավճարները՝ ուղղելու են սոցիալական ծրագրերի։