24 սեպտեմբերի 2021 - 16:38 AMT
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տրանսպորտային տարանցման մարտահրավերների հաղթահարումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։

Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։