27 սեպտեմբերի 2021 - 14:38 AMT
Ամերիկահայերը Վաշինգտոնում բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև

ԱՄՆ հայ համայնքը Վաշինգտոնում բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), համայնքի ներկայացուցիչները քայլերթ են իրականացրել։

«Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումներով մասնակիցները հավաքվել են դեսպանատան դիմաց։ Նրանք ծածանում էին հայոց եռագույնն ու Արցախի դրոշը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ակցայի մասնակիցները նախ արձանագրել են, որ պատերազմից մեկ տարի անց թշնամին շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, ներկայացնում տարածքային նոր պահանջներ։ Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքվածները պահանջել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց ազատ արձակել:

Սփյուռքի ներկայացուցիչները բացի դրոշներից իրենց հետ վահանակներ էին բերել՝ «Մենք խաղաղություն ենք ուզում՝ նրանք պատերազմ», «Հիշում ենք մեր հերոսներին», «Ստոպ Ալիև», «Ազատ արձակեք ռազմագերիներին» գրություններով։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։