Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է մոտ 300,000 դոլար արժողությամբ կոկաին տեսակի թմրամիջոցի տեղափոխում Բրազիլիայից ժամանած ուղևորի մոտ։
ՊԵԿ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայից Հայաստան ժամանող ուղևորներից մեկը կոկաին է տեղափոխում: «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է կոկաինի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է մոտ 24 ժամ:
Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: