29 սեպտեմբերի 2021 - 14:41 AMT
Միրզոյանը՝ ԿԽՄԿ ղեկավարին․ Բաքուն հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ գտնվելու փաստը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։

Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։