1 հոկտեմբերի 2021 - 15:38 AMT
Արտաշատի քաղաքապետը հեռանում է պաշտոնից․ Այլ աշխատանքի կանցնի

Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ այլ աշխատանքի է անցնելու:

«Վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում:

Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ»,-ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ շարունակելու է իր ամբողջ ներուժը ծառայեցնել Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը: