2 հոկտեմբերի 2021 - 15:07 AMT
ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ Աշխարհը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումն ուժով ճնշելու փորձերը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։

Մարգարյանն այդ մասին ասել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանն ունեցած ելույթում։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նա նշել է, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։

ՀՀ մշտական ներկայացուցիչն նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նա նշել է, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են։