4 հոկտեմբերի 2021 - 17:01 AMT
Լիտվան աջակցում է ԼՂ կարգավորմանն ուղղված` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

Լիտվան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Այդ մասին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նա ողջունել է վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:

Վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարագանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2․6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Հանդիպում է նախատեսված նաև Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: