5 հոկտեմբերի 2021 - 15:51 AMT
Ղազինյանը 6-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ չի հաստատել ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը դրա փոխնախագահի պաշտոնում։

Հանձնաժողովը 0 կողմ, 5 դեմ ձայներով արդեն 6-րդ անգամ մերժել է Ղազինյանի թեկնածությունը։

«Այսուհետ մեզ համար այս օրակարգը սպառված է։ Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին, և ընդդիմությունը` «Հայաստան» խմբակցությունը, այս պաշտոնը կամավոր չի զիջելու իշխանությանը»,– քվեարկությունից առաջ ասել է Ղազինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա նաև հայտարարել է, որ վիճակագրություն է կազմել` նախորդ 6 նիստում հնչել է իրեն ուղղված 18 հարց, 18 պատասխան, 18 արձագանք, ինչն իր համոզմամբ` բավական էր թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար։

«Հարցաքննություն այստեղ չի լինելու»,– հայտարարել է Ղազինյանը, որից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները լքել են հանձնաժողովի նիստերի դահլիճը։

Իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 6-ին, 13-ին, 22-ին ու 28-ին։ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։