5 հոկտեմբերի 2021 - 19:10 AMT
Ֆինանսների նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են ՀԿԵ նշանակությունը ՀՀ տնտեսության զարգացման գործում

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Նշվել է, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:

Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Կոպիրկինը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձևավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին: