23 մարտի 2009 - 18:21 AMT
Արդեն տարուց ավել օպերայի եւ բալետի պետական թատրոնն աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի
2008թ. հունվարից Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը գործում է առանց գեղարվեստական ղեկավարի: Այդ պաշտոնը վերջին անգամ զբաղեցրել է Լիտվայի ԽՍՀ Վաստակավոր արտիստ եւ Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1985) Գեղամ Գրիգորյանը (տենոր):
Այսօր թատրոնում գեղարվեստական խնդիրները լուծվում են գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ գլխավոր պարուսույց Հովհաննես Դիվանյանի կողմից: «Ներկայումս առանձին ղեկավարման նման մեթոդն ամենաարդյունավետն է, քանի որ օպերայի եւ բալետի թատրոնը յուրահատուկ կոմբինատ է, որն իր մեջ ներառում է առանձին սիմֆոնիկ նվագախումբը, օպերայի եւ բալետի համույթները»,- մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը հայտնել է, որ ի տարբերություն օպերայի եւ բալետի թատրոնի, ակադեմիական թատրոններին անհրաժեշտ են գեղարվեստական ղեկավարներ: «8 հոգի կարող են տեղափոխել դաշնամուրը մի տեղից մյուսը, բայց 8 հոգի ոչ մի կերպ չեն կարող ղեկավարել թատրոնը: Թատրոնին մեկ ղեկավար է հարկավոր, որը կորոշի թատրոնի քաղաքականությունը»,- ասել է նա:
Այսօր Հայաստանում բացի օպերայի եւ բալետի թատրոնից, միայն Սունդուկյանի անվ. թատրոնն է աշխատում գեղարվեստական խորհրդի ղեկավարությամբ: Երվանդ Ղազանչյանը կոչ է արել չընկնել անպտուղ քննարկումների մեջ եւ ժամանակ տալ Հայաստանի մշակույթի նախարարին` Սունդուկյանի անվ. թատրոնի համար նոր գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին երկար սպասված որոշումը կայացնելու համար: