7 հոկտեմբերի 2021 - 12:03 AMT
ՄԻՊ-ն Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների զեկույցները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Իտալիայի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ներկայացրել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ Այդ մասին ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում։

«Ներկայացրել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

Անդրադարձել եմ պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ»,-ասվում է գրառման մեջ։

Նշվել է, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Իտալիա է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում։