23 մարտի 2009 - 18:50 AMT
ԱՄՆ եւ Իրանի դիվանագետները կարող են հանդիպել Մոսկվայում մարտի 27-ին
ԱՄՆ ՊետԴեպարտամենտը հաստատել է, որ մարտի 27-ին ամերիկյան դիվանագետներից մեկը Մոսկվայում կայցելի Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարների հանդիպումը, եւ չի բացառել Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը, իսկ Իրանը ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ունի:
Մոսկվա կմեկնի Հարավային եւ Միջին Ասիայի գծով պետքարտուղարի ներկայացուցիչ Պատրիկ Մունը: ԱՄՆ-ն ՇՀԿ անդամ չի հանդիսանում, բայց Մունը հրավիրվել է մասնակցելու հատուկ հանդիպմանը` նվիրված Աֆղանստանի հանդեպ քաղաքականությանը:
«Մեր ներկայացուցչի` հանդիպմանը մասնակցելու պատճառն այն է, որ այն նվիրված է Աֆղանստանին եւ նրան, թե ինչպես կարելի է այնտեղ բարելավել իրադրությունը տեղում, բարելավել կոորդինացիան եւ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք առավել օգնել Աֆղանստանի ժողովրդին»,- ասել է ՊետԴեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:
Նրա խոսքով, Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը հատուկ չի ծրագրվել, բայց, «ոչ մի արտասովոր բան չի պատահի, եթե դիվանագետները հանդիպեն, եւ ով գիտի` դրանից ինչ կստացվի»:
Իրանի ներկայացուցիչները հրավիրվել են Աֆղանստանի վերաբերյալ համաժողովին, որը կկայանա ԱՄՆ նախաձեռնությամբ մարտի 31-ին Հաագայում: