8 հոկտեմբերի 2021 - 12:47 AMT
Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում

Ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգրկվել է Forbes-ի ամենահարուստ 400 ամերիկացու ցուցակում: Նա ցանկում ընդգրկված 44 նոր անձանցից մեկն է։

Աֆեյանը ցուցակում 212-րդ հորիզոնականում է $5մլրդ կարողությամբ։

400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը վերջին տարվա ընթացքում 40%-ով աճել է՝ հասնելով 4.5 տրիլիոն դոլարի։ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ $201 միլիարդ կարողությամբ։

Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է նորարարություններով բժշկական և կենսաբանական գիտությունների բնագավառում։ Նա նաև Moderna ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որը համավարակի շրջանում հայտնի դարձավ կորոնավիրուսի դեմ իր արտադրած պատվաստանյութով, որը 2020-ի դեկտեմբերին հավանություն ստացավ ԱՄՆ FDA-ում։

Աֆեյանն իր կարիերայի ընթացքում օգնել է հիմնել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության ոլորտում։

Աֆեյանը ծնվել է Բեյրությում 1962թ․։ Նրա ընտանիքը Մոնրեալ է տեղափոխվել 1975-ին, Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով։

Նուբար Աֆեյանը նաև հայտնի է որպես ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիմնված «Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր։