8 հոկտեմբերի 2021 - 17:47 AMT
Զալկալիանի․ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ խ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։

«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,-ասել է Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա հավելել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել, նաև հույս է հայտնել, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

Սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան և հայտարարել ՀՀ այցելելու մտադրության մասին։ Նա հույս էր հայտնել, որ իր անձնական լավ հարաբերությունները հարևան երկրների ղեկավարների հետ թույլ կտան իրեն դրական դերակատարում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ավելի վաղ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի վերադարձվեց Բաքվից՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։