9 հոկտեմբերի 2021 - 13:31 AMT
Փաշինյանը ցավակցել է Ղարիբաշվիլիին՝ Բաթումում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։

Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 6 մարդ, մեկի վիճակը՝ ծանր է։ Որոնումները փլատակաների տակ շարունակվում են։ Հոկտեմբերի 11-ի Վրաստանում սգո օր է հայտարարվել։