11 հոկտեմբերի 2021 - 16:12 AMT
Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահողները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Նոյեմբերի 1-ից տանը կամ բակում շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին։ Ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրել է, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:

«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ՝ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնական նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասել է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Նշվում է, որ սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:

«Ամբողջ Եվրոպայում բոլորը կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նունականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ով է տերը»,-ասել է անասնաբույժ Լիանա Վանագան:

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում:

Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:

Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:

Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն:

Խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը: