12 հոկտեմբերի 2021 - 13:23 AMT
Բայդենն ու Էրդողանը G-20-ի շրջանակում կքննարկեն նաև ԼՂ հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Ըստ նրա, Ղարաբաղի հարցը քննարկվելու է G-20-ի շրջանակում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ։

G-20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունենալու Հռոմում` հոկտեմբերի 30-31-ին։

«Մենք լայն կապեր ունենք ԱՄՆ հետ։ Նախագահները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրի ոլորտներում, ռազմարդյունաբերութունում, անվտանգութան, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Կքննարկվեն նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես նաև Լիբիան և այլ գլոբալ խնդիրներ»,-ասել է Քալինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։