13 հոկտեմբերի 2021 - 10:59 AMT
Արցախում խստացվում են հակակորոնավիրուսային սահմանափակումները

Հաշվի առնելով վերջին օրերին Covid-19-ի դեպքերի արագ աճը Արցախում` առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Մասնավորապես հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները կսկսվեն հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ բուհերում ուսուցումը կանցկացվի հեռավար։

Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների, զանգվածայի միջոցառումները պետք է անցկացվեն անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, փակ տարածքներում՝ առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ։

Նշվում է նաև, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 0-10 տարեկան երեխաների դեպքում, բնակության վայրում և ԱՀ նախագահի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար, ինչպես նաև որոշ այլ դեպքերում։

Բեգլարյանը նշել է նաև, որ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը:

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսից ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր։