ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից։
«Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Աբովյանը նշել է, որ գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ։
Նա հավելել է, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումներն ունեն արդյունավետություն։
Աբովյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։
ԱՆ ներկայացուցիչն ասել է, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։
«Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշել է Աբովյանը։
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով:
Ընթերցեք նաև․ 300 կովիդ-հիվանդ հոսպիտալացման հերթի մեջ է, ազատ մահճակալ չկա