14 հոկտեմբերի 2021 - 14:59 AMT
Զախարովա․ Մարտակերտի ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների կատարման կարիքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Մարտակերտի շրջանում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը, ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և նշել, որ ողբերգական այդ միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անկասելի կատարման անհրաժեշտությունը:

Նա նաև կոչ է արել հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերացնել փոխադարձաբար խնդրահարույց հումանիտար հարցերը՝ փոխանակելով գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, և ականապատ տարածքների ամբողջական քարտեզները։

«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման նպատակավ մշտական համագործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ»,- նշել է նա:

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

Photo. TASS