Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և հանրապետական բժշկական կենտրոնում 3 վիրավոր զինվորի վիրահատություն է անցկացվել՝ բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ֆեյսբության իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:
Բեգլարյանն իր նախորդ գրառման մեջ հորդորել էր զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից՝ նշելով, որ բացի 6 վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա:
«Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել․․․ ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել:
Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ամբողջ երկայնքով:ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ:
Խնդրում եմ մեր հայրենակիցներին ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ: