Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հավաստիացում է ներկայացվել։
Հոկտեմբերի 14-ին Հաագայի միջազգային դատարանում սկսել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները, որոնք կշարունակվեն նաև հոկտեմբերի 15-ին։
Կիրակոսյանը կարևորել է այդ հանգամանքը, քանի որ դա տեղի է ունեցել Հայաստանի հայցը ներկայացնելուց հետո։ ՀՀ-ն պահանջում է փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։
Հաագայում ընթանում են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները: Հայաստանը նաև պահանջել է հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: