15 հոկտեմբերի 2021 - 11:55 AMT
Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է ՀՀ անունով՝ Esplanade d'Arménie

Հոկտեմբերի 14-ին Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքն անվանակոչվել է ՀՀ անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը (Esplanade d'Arménie)։

Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը հերթական անգամ արձանագրում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը։