16 հոկտեմբերի 2021 - 11:45 AMT
ՊԲ հրամանատարն այցելել է վիրավորներին, հետաքրքրվել բուժմամբ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:

Վարդանյանն այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: