19 հոկտեմբերի 2021 - 16:49 AMT
ՊՆ․ Բանակում պատվաստման ցուցանիշն էապես բարձր է, քան բնակչության շրջանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, արձագանքելով բանակում գրիպի տարածվածության մասին հրապարակաումներին, պարզաբանել է, որ հիվանդությունների աճի միտում չկա, իսկ Covid-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշները բարձր են։

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում Covid-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա։

Սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում», - ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: