20 հոկտեմբերի 2021 - 16:40 AMT
Ադրբեջանի ԱԳՆ․ Հուսով ենք՝ վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն կարևորում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը և հույս է հայտնել, որ «վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա»։

Բայրամովն այդ հայտարարությունն արել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Ըստ Բայրամովի, մինչ այժմ Հայաստանը «հակասական հայտարարություններ էր անում, եռակողմ հանձնաժողովի աշխատանքները որոշ ժամանակ դադարեցվել էին, գրում է Oxu.az-ը։

«Հուսով ենք, որ վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա, այլ նաև գործ կդառնան»,-ասել է նա։

Բայրամովը նաև կարևորել է ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի կատարումը։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալու է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Մոսկվայում մասնակցելու է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին, ասել է, որ երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ ձևավորել են։«Մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,-ասել է նա։