24 մարտի 2009 - 18:47 AMT
ՀԱԿ 9% համաշխարհային առեւտրի անկում է կանխատեսում
Համաշխարհային առեւտրական կազմակերպությունը (ՀԱԿ) կանխատեսում է, որ 2009թ. աշխարհում առեւտրի ծավալները կընկնեն 9%-ով, ինչն այդ ցուցանիշի ամենամեծ անկումը կլինի Երկրորդ աշխարհամարտից հետո: Այդ մասին ասվում է ՀԱԿ պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

ՀԱԿ կարծիքով, գլոբալ տնտեսական ճգնաժամը ամենամեծ հարվածը կհասցնի զարգացած երկրների առեւտրին, նրանք կկորցնեն իրենց առեւտրաշրջանառության 10%: Պակաս հարուստ երկրներում, կանխատեսման համաձայն, առեւտրի ծավալները կկրճատվեն 2-3%-ով:

ՀԱԿ ղեկավար Պասկալ Լամին հայտարարել է, որ ճգնաժամի դեմ պայքարի լավագույն միջոցը պայքարն է պրոտեկցիոնիզմի դեմ: Հենց դրան է նա կոչ արել «մեծ քսանյակի» պետությունների առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին գագաթաժողովի կհավաքվեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Նա զգուշացրել է, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում որոշ երկրներ գնալով ավելի հաճախ են դիմում իրենց շուկաների փակմանը, ինչը, ըստ ՀԱԿ ղեկավարի, հղի է վտանգավոր հետեանքներով:

ՀԱԿ տվյալներով, 2008թ. ընթացքում համաշխարհային առեւտրի ծավալները աճել են 8%-ով, բայց կազմակերպության փորձագետները գտնում են, որ ճգնաժամն ամբողջ ծավալով սկսվեց արդեն անցյալ տարվա ամառանը, եւ տարվա երկրորդ կեսին սկսեց վատթարանալ:

2007թ., երբ համաշխարհային ֆինանսների խնդիրները դեռ նոր էին սկիզբ առնում, գլոբալ առեւտրաշրջանառության աչը կազմեց 6%:

Որոշ փորձագետներ ավելի վաղ ենթադրում էին, որ գլոբալ տնտեսական կապերի թուլացումը զարգացած երկրների հետընթացը պակաս վտանգավոր է դարձրել զարգացած տնտեսությունների համար: Բայց, ինչպես նշում են ՀԱԿ մասնագետները, «պարզվեց, որ այդպես տեղի չի ունենում»:

Չնայած դրան, ՀԱԿ արդեն նշում է համաշխարհային տնտեսության որոշ դրական հայտանիշները. նրա տվյալներով, այս տարվա փետրվարին առաջին անգամ մի քանի ամսվա ընթացքում Չինաստանից, Սինգապուրից, Թայվանից եւ Վյետնամից ապրանքի արտահանման ծավալները աճել են: