20 հոկտեմբերի 2021 - 18:16 AMT
Դեսպան․Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերին։

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը: