23 հոկտեմբերի 2021 - 10:54 AMT
Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ հետ համատեղ ծրագրերի «ճանապարհային քարտեզ» կմշակվի

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցնելով, որ ամեն ինչ կանի, որ երկու երկրի հարաբերությունները նոր թափ ստանան, ասել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ:

Անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է, որ պիտի կարողանանք ուժեղացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում, որովհետև «մնացած ոլորտներում կամ ամեն ինչ արել ենք, կամ ամեն ինչ անելու ճանապարհին ենք»:

Փաշինյանը դա չափազանց կարևոր է համարել երկու երկրի քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով:

«Հույս ունեմ, որ ահա այս հարցերի համատեքստում նոր ակտիվություն կցուցաբերվի Ձեր նշանակման արդյունքում և նախկինում մեր ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի ու կարժանավորվի նոր ձեռքբերումներով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2.6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջ մղմանը վերաբերող հարցեր: