25 հոկտեմբերի 2021 - 10:50 AMT
Պապիկյան․ Սյունիքում այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի 2022-ի գարնանը

Սյունիքում ակտիվ ընթացքի մեջ է այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն 2022-ի գարնանը։ Այդ մասին ֆեյսբության իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ արդյունքում մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։

Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ»,- ասվում է գրառման մեջ։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Սեպտեմբերի 14-ից ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները։ Ադրբեջանը իրանցի երկու վարորդի էր ձերբակալվել, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին։