26 հոկտեմբերի 2021 - 11:17 AMT
Սիմոնյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան խորհրդարանական ձևաչափի մեկնարկը

Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին և կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարևորելով Կիպրոսի հետ տնտեսական և զբոսաշրջային համագործակցությունը:

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր: