26 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT
Մարության․ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում վճարման քարտային համակարգի ներդրումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստում հայտարարել է, որ 2-3 ամսից հասարակական տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրման գործընթաց կսկսվի։

Նա նշել է, որ սկզբնական շրջանում կգործեն և կանխիկ վճարման համակարգը, և էլեկտրոնայինը։ Մինչ ամբողջությամբ վճարման էլեկտրոնային համակարգին անցնելը, բոլոր ավտոբուսներում ժամանակավորապես կտեղադրվեն 100 դրամանոցներ ընդունող մետաղադրամների հաշվիչներ։

Մարությանը նշել է, որ ներդրվելու է էլեկտրոնային ամենաարդիական համակարգը։ «Այն նույնիսկ ավելի լավը կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում»,-ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ արդեն այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի:

Մարությանը նաև ասել է, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսը հասել է Երևան։ Նա նշել է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի:

2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին: