27 հոկտեմբերի 2021 - 10:19 AMT
ՀՀ նախագահը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:

Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններումՀայաստանից որևէ պաշտոնյա երբևէ չէր այցելել այդ երկիր։

Հայաստանի նախագահը պատմական քայլ է արել՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: