27 հոկտեմբերի 2021 - 12:40 AMT
ՀՀ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խոսել են հարաբերությունները զարգացնելու կարիքի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:

Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանից որևէ պաշտոնյա երբևէ չէր այցելել այդ երկիր։ Հայաստանի նախագահը պատմական քայլ է արել՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: