27 հոկտեմբերի 2021 - 18:42 AMT
Միրզոյան. Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։

Նա հավելել է, որ ընդհանրապես, պարբերաբար, տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ են լինում և այդ առաջարկները քննարկվում են և «այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող իբր ստորագրվելիք փաստաթղթի մասին հրապարակումներին՝ Միրզոյանն ասել է, որ քննարկվող փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարբեր ֆորմատներով հանդիպումները նաև կիրառական նշանակություն են ունենում, քանի որ թույլ են տալիս քննարկել հետպատերազմյան բազմաթիվ հարցեր, առաջին հերթին՝ ռազմագերիների, հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և այլ հարցեր։

Ըստ Միրզոյանի, այդ հանդիպումները նաև հնարավորություն են տալիս թուլացնելու «լարվածությունը տարածաշրջանում»։

Միևնույն ժամանակ, Միրզոյանը նշել է, թե բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ պարունակում են։

«Սակայն, փակ դռների հետևում բանակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի կողմից հրապարակային հայտնած դիրքորոշումներին»,-ասել է նա։

ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ Նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։

Նմանատիպ տեղեկություն հայտնել էր Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։ «Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին հոկտեմբերի 22-ին, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին»։